AM
29 August 2023 - 10:32 AMT

Բաքուն 2 բեռնատար ալյուր է ուղարկել Աղդամի ճանապարհով․ ԼՂ-ից ասում են՝ իրենց հետ որևէ պայմանավորվածություն չկա

Ադրբեջանը երկու բեռնատարով 40 տոննա ալյուր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով: Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության նախագահ, պատգամավոր Նովրուզ Ասլանն ասել է, թե դրական արձագանք են ակնկալում Ղարաբաղի հայերից, գրում է Haqqin.az-ը։

Նա ասել է, թե Ադրբեջանը «հումանիտար բեռ է ուղարկում Ղարաբաղում ապրող հայազգի անձանց»։

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, անդրադառնալով այդ լուրերին, հայտարարել է, որ Բաքվից Ստեփանակերտ հումանիտար բեռ ուղարկելու հարցով արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել, գրում է Արցախպրեսը։

«Քաշաթաղի ( Լաչինի ) միջանցքի `սահմանված ռեժիմի վերագործարկման խնդիրը եղել և մնում է առաջնահերթ, և ադրբեջանական կողմի հետ որևէ երկխոսություն պետք է ծավալվի նախ և առաջ այդ հարցի շուրջ։ Միջանցքը պետք է ազատ և անխափան գործի ինչպես մարդկանց, այնպես էլ բեռների ու մեքենաների երկկողմանի տեղաշարժի համար։ Եթե Ադրբեջանի իշխանություններն իրոք հետաքրքրված են Արցախի ժողովրդի ծանրագույն հումանիտար աղետի վերացմամբ ու ցեղասպանության կասեցմամբ, ապա պետք է ոչ թե կեղծ մարդասիրություն խաղան, այլ պարզապես չարգելեն Լաչինի միջանցքով Արցախի մատակարարումների վերականգնմանը, ինչպես նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և Արդարադատության միջազգային դատարանի հրամաններով»,- ընդգծել է Լ. Ավանեսյանը։

Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։