Արցախաբնակ լրագրող Տաթևիկ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում որոշ մանրամասներ է ներկայացրել Արցախի ԱԺ դիմաց գրեթե ամբողջ գիշեր սպասող հանրության հետ նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումից, գրում է «Փաստինֆոն»։
«Երկար ձգձգումներից, խորհրդարանի մուտքը հսկող ոոտիկանների հետ հրմշտոցից հետո ներկաների առաջ է դուրս եկել Արայիկ Հարությունյանը։ Նախ ասաց, որ ապօրինի անցակետից տարված պատանիների հարցով բարի լուր ունի, որը կհայտնի վաղը առավոտ ծնողներին։
Հետո փորձեց հացի խնդրի մասին խոսել, ներկաներն ասացին, որ սա ստամոքսի պայքար չէ։ Ասաց, որ դիտարկում են միայն մի ճանապարհ` Լաչինի միջանցքը։ Մի պահ բարձրախոսին մոտեցավ Տիգրան Պետրոսյանը, բայց ներկաների սուլոցներից հետո նա հեռացավ։
Հետո Հարությունյանը ասաց, որ մի քանի օր առաջ ուզում էր հրաժարական տալ, հիմա էլ պատրաստ է դրան, կարող է դառնալ սովորական զինվոր։ Բայց ճանապարհի բացման ժամկետների ու այլ հարցերի կոնկրետ պատասխան չլսեցի»,- գրել է Աղաջանյանը։
Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։
Ընթերցեք նաև․ Հարությունյան․ Քննարկվել է նախագահի պաշտոնում իմ մնալ-չմնալու հարցը՝ վաղը, մյուս օրը կորոշենք