Ադրբեջանը Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհ է բերել միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Մասնավորապես, իրադարձությունները լուսաբանելու են եկել Bloomberg-ի, Reuters-ի, BBC-ի և Getty Images-ի ներկայացուցիչները, գրում է Aysor.am-ը։
Բաքվից Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության կողմից դեպի ԼՂ ուղևորվող 40 տոննա հումանիտար բեռով երկու մեքենաները, որոնք Աղդամի ճանապարհով նախօրեին հասել էին ռուս խաղաղապահների հենակետի մոտ, դեռևս մնում են այնտեղ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, հայտնում է Factor.am-ը։
Կարմիր մահիկի ընկերության աշխատակիցները, կամավորները գիշերել են տարածքում տեղադրված վրաններում։ Նախօրեին նրանք նաև բանակցություններ էին անցկացրել ռուս խաղաղապահների հետ։ Ադրբեջանական որոշ աղբյուրներ էլ հայտնում են, որ ռուս խաղաղապահները փշալարեր են տեղադրել ճանապարհին։
Օգոստոսի 29–ին Բաքուն այսպես կոչված «մարդասիրական բեռ» է ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Ռուս խաղաղապահների դիրքի մոտ ալյուրով երկու բեռնատար է կանգնել։ Արցախի իշխանությունները հայտարարել են, որ թույլ չեն տա բեռների մուտքը։
Այսօր Երևանից Ֆրանսիայից ուղարկված մարդասիրական բեռներով 10 բեռնատար է մեկնել։ Բեռը ուղեկցում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ Բեռնատարներն արդեն հասել են Կոռնիձոր և կանգնել Լաչինի միջանցքի մուտքի մոտ։