AM
31 August 2023 - 11:12 AMT

Արցախում ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 1-ին

Արցախի բոլոր ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ին կտրվի ուսումնական տարվա մեկնարկը։

Հաշվի առնելով Արցախի լիակատար պաշարման հետևանքով առաջացած հիմնախնդիրները՝ գրենական պիտույքների, ուսումնաօժանդակ նյութերի, սննդի, հիգիենայի պարագաների խիստ սղությունը և տրանսպորտի բացակայությունը, այնուամենայնիվ, որոշում է կայացվել սկսել ուսումնական գործընթացը՝ չոտնահարելով սովորողների կրթության իրավունքը։

Ստեղծված ծանր պայմաններում տարվել են նախապատրաստական աշխատանքներ՝ հնարավորինս արդյունավետ կազմակերպելու ուսումնական գործընթացը։ Դասերի մեկնարկից հետո մշտադիտարկում է իրականացվելու, և համակողմանի վերլուծության արդյունքում ընդունվելու են համապատասխան իրավիճակային լուծումներ` ընդհուպ մինչև դասապրոցեսի դադարեցում։

Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է, որոնց ավելացել են նաև Փարիզի և Ֆրանսիայի շրջանների ուղարկած հումանիտար բեռով բեռնատարները։

Ադրբեջանի Կարմիր մահիկի կողմից Աղդամի ճանապարհով դեպի Արցախ ուղևորվող երկու բեռնատար հասել է Աղդամ– Ստեփանակերտ ճանապարհին։Բաքուն հայտարարել է, թե այդ բեռնատարներում 40 տոննա ալյուր է Ստեփանակերտի բնակիչների համար։ Ադրբեջանի ԶԼՄ–ների համաձայն, նրանք բանակցում են ռուս խաղաղապահների հետ և վրաններ են տեղադրել ճանապարհին։ Արցախցիները կտրականապես դեմ են այդ տարբերակին և հայտարարում են, որ այդ ճանապարհով բեռներ չեն ընդունի։Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմետ Հաջիևը հայտարարել է թե Աղդամով ճանապարհի բացվելուց 24 ժամ անց կբացվի Լաչինի միջանցքը: