Հազարավոր երեխաներ Արցախում նոր ուսումնական տարվա մեկնարկը տվել են կիլոմետրեր քայլելով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Սա Արցախն է, ու այստեղ բոլորն են պայքարում…»,– գրել է նա՝ հավելելով, որ Արցախում միշտ են լինելու հայկական սեպտեմբերներ։
«Հազարավոր երեխաներ նոր ուսումնական տարվա մեկնարկը տվեցին կիլոմետրեր քայլելով…Սա Արցախն է ու այստեղ բոլորն են պայքարում…Սա Արցախի մանուկներն են, որ պայքարում են Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության լինելու համար, հայկականության համար…Այնքա՜ն լույս, հավատ ու սեր կա Արցախի մանուկների մեջ, այնքա՜ն արժանապատվություն կա, հաստատակամություն ու համառություն կա…
Հայ մանուկներ, շնորհավոր ձեր սեպտեմբերի մեկը…Արցախում միշտ են լինելու հայկական սեպտեմբերներ…»,–ասվում է գրառման մեջ։
Սեպտեմբերի 1–ին, չնայած արդեն 9 ամիս տևող շրջափակմանն ու հումանիտար ճգնաժամին, Արցախի բոլոր ուսումնական հաստատություններում մեկնարկել է ուսումնական տարին։






