Սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով, դրանց տրամադրումը կմեկնարկի սեպտեմբերի 4-ից։
Մեկ անձի հաշվով կվաճառվի կես հաց (մոտավոր՝ 200 գրամ), հայտնում է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։
Կտրոն ստանալու համար անհրաժեշտ է.
- անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով և հանրային ծառայությունների համարանիշով ներկայանալ կտրոնների տրամադրման կետեր, որոնք կգործեն ժամը 10:00-18:30-ը՝ հաշվի առնելով կտրոնների տրամադրման յուրաքանչյուր կետի հասցեում լույսերի հովհարային անջատման գրաֆիկը:
Հերթերից խուսափելու համար նախընտրելի է, որ յուրաքանչյուր ընտանիքից մեկ անձ ներկայացնի ընտանիքի բոլոր անդամների անձը հաստատող փաստաթղթերի բնօրինակները (անչափահաս երեխայի դեպքում՝ ծննդյան վկայական կամ անձնագիր) և հանրային ծառայությունների համարանիշները։
Կտրոնների տրամադրման տեղամասերը, օրերը և այդ օրերին էլեկտրաէներգիայի անջատման ժամերը ներկայացված են։
Քանի որ կտրոնները համարակալված են, Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից յուրաքանչյուր օր կիրականացվի իրազեկում, թե տվյալ և հաջորդ օրը որ համարի կտրոնով է իրականացվելու հացի վաճառքը։
Հացի վաճառքի կետերի վերաբերյալ տեղեկատվությունը կհաղորդվի հավելյալ։
Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է, որոնց ավելացել են նաև Փարիզի և Ֆրանսիայի շրջանների ուղարկած հումանիտար բեռով բեռնատարները։
Ադրբեջանի Կարմիր մահիկի կողմից Աղդամի ճանապարհով դեպի Արցախ ուղևորվող երկու բեռնատար հասել է Աղդամ– Ստեփանակերտ ճանապարհին։Բաքուն հայտարարել է, թե այդ բեռնատարներում 40 տոննա ալյուր է Ստեփանակերտի բնակիչների համար։ Ադրբեջանի ԶԼՄ–ների համաձայն, նրանք բանակցում են ռուս խաղաղապահների հետ և վրաններ են տեղադրել ճանապարհին։ Արցախցիները կտրականապես դեմ են այդ տարբերակին և հայտարարում են, որ այդ ճանապարհով բեռներ չեն ընդունի։Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմետ Հաջիևը հայտարարել է թե Աղդամով ճանապարհի բացվելուց 24 ժամ անց կբացվի Լաչինի միջանցքը: