AM
5 September 2023 - 08:26 AMT

Բաքվում դժգոհել են Արտակ Բեգլարյանի և Սերժ Թանկյանի հետ BBC-ի հարցազրույցից

BBC-ի հարցազրույցն Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի և ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի հետ դժգոհություն է առաջացրել Բաքվում։

BBC-ի Context հաղորդման ժամանակ Բեգլարյանն ու Թանկյանը ներկայացրել են Արցախում ստեղծված իրավիճակը, խոսել Լաչինի միջանցքի արգելափակման, Ալիևի վարչակազմի գործողությունների մասին։ Թանկյանը նաև քննադատել է միջազգային հանրությանը, որն աչք է փակում Ադրբեջանի գործողությունների վրա, քանի որ ռուսական էներգակիրներ է ստանում Ադրբեջանի միջոցով։

Ադրբեջանի Մամուլի խորհուրդը հայտարարել է, թե «լրագրողական էթիկայի տիպար համարվող ԶԼՄ–ն վերածվել է արկածախնդրային քաղաքականության գործիքի», նշում է Haqqin.az-ը։

Հայտարարության մեջ ասվում է, որ «եթե BBC–ն ներողություն չխնդրի, նրա գործունեությունն Ադրբեջանում կարող է կասեցվել, իսկ արտոնագիրը՝ չեղարկվել»։

Ադրբեջանի նախագահի խոսնակ Հիքմեթ Հաջիևն իր հերթին Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ «BBC-ն զբաղվում է միակողմանի և կողմնակալ, ագրեսիվ շահարկումներով, ստի տարածմամբ»։

Քննադատությունից հետո BBC-ն տեղեկացրել է Բաքվին, որ մոտ օրերս կներկայացվի նաև Ադրբեջանի տեսակետը։

Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է, որոնց ավելացել են նաև Փարիզի և Ֆրանսիայի շրջանների ուղարկած հումանիտար բեռով բեռնատարները։

Ադրբեջանի Կարմիր մահիկի կողմից Աղդամի ճանապարհով դեպի Արցախ ուղևորվող երկու բեռնատար հասել է Աղդամ– Ստեփանակերտ ճանապարհին։Բաքուն հայտարարել է, թե այդ բեռնատարներում 40 տոննա ալյուր է Ստեփանակերտի բնակիչների համար։ Ադրբեջանի ԶԼՄ–ների համաձայն, նրանք բանակցում են ռուս խաղաղապահների հետ և վրաններ են տեղադրել ճանապարհին։ Արցախցիները կտրականապես դեմ են այդ տարբերակին և հայտարարում են, որ այդ ճանապարհով բեռներ չեն ընդունի։ Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմետ Հաջիևը հայտարարել է թե Աղդամով ճանապարհի բացվելուց 24 ժամ անց կբացվի Լաչինի միջանցքը: