AM
5 September 2023 - 12:10 AMT

Պեսկովն ասել է, որ ՌԴ–ն չի հեռանում տարածաշրջանից և հիշեցրել, որ «Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում»

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունները, սակայն ռուս խաղաղապահների առաքելության ձախողման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզերի հետ համաձայնել չի կարելի:

Ավելի վաղ Փաշինյանը հարցազրույց էր տվել իտալական La Repubblica թերթին, որտեղ, մասնավորապես, հայտարարել էր, որ ռուսական խաղաղապահ ուժերը չեն կատարում իրենց առաքելությունը ԼՂ-ում, և որ Ռուսաստանն ինքն է հեռանում տարածաշրջանից։

«Ռուսաստանը այս տարածաշրջանի բացարձակապես անբաժանելի մասն է, ուստի ոչ մի տեղ չի կարող գնալ։ Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից», – լրագրողներին ասել է Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա հորդորել է չմոռանալ, որ «Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում», որոնց մեծ մասը Ռուսաստանի Դաշնության հայրենասեր քաղաքացիներ են և արժանի ավանդ ունեն երկրի զարգացման գործում։

Նշենք, որ 2021 թվականի մարդահամարի արդյունքներով ՌԴ-ում ապրում է 946,000 հայ՝ 2011-ի 1,182,000-ի դիմաց․ հայերի թիվը 10 տարում, պաշտոնական տվյալներով, կրճատվել է 236,000-ով։

Պեսկովը նաև ասել է, որ ՌԴ–ն շարունակում է անվտանգության և կայունության երաշխավորի դեր կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում, գրում է ՏԱՍՍ–ը։

«Ռուսաստանը շարունակում է հետևողական, շատ կարևոր կայունացման և ապասրացման դեր կատարել այդ տարածաշրջանում։ Մենք կշարունակենք այդ դերը»,–ասել է նա։

Ըստ Պեսկովի, «շատ կարևոր է տարածաշրջանի բոլոր համապատասխան պետությունների հավատարմությունը այն եռակողմ պայմանավորվածություններին, որոնք կնքվել են։ Այդ պայմանավորվածություններին հետևելն է հանդիսանում հաջողության գրավականը»,–ասել է նա։

Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ասել է, որ ՀԱՊԿ գործունակության և պայմանագրունակության առումով նկարագրած իրավիճակը խոսում է ճգնաժամի մասին։ «Հայաստանի հանրությունը խորը հիասթափություն է ապրել և ապրում ՀԱՊԿ գործելակերպի առումով: Նաև սա է պատճառը, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2022 թվականի աշնանը Երևանում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը չվավերացրեց, չմիացավ մի շարք փաստաթղթերի, և քանի որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այդ դեպքում որոշում չընդունվեց»,–ասել է նա: