AM
7 September 2023 - 11:17 AMT

Բայրամով․ Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման պլան Բ ունի՝ առանց ՀՀ–ի

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման պլան Բ ունի՝ առանց Հայաստանի մասնակցության, եթե «Երևանը շարունակի ապակառուցողական վարքագիծը»։

Նա հավելել է, թե դրանով Երևանն իր տնտեսությունը շտկելու «ևս մեկ հնարավորություն բաց կթողնի», գրում է ՏԱՍՍ–ը։

«Ինչ–որ պահի այնպիսի զգացողություն է առաջանում, թե մենք մոտ ենք աշխատանքի ավարտին («Զանգեզուրի միջանցքը» բացելու), բայց վերջին պահին Հայաստանը հանկարծ ինչ–որ նոր բան է առաջ քաշում և կրկին գործընթացը փակուղի տանում։ Դա կառուցողական չէ, ու նաև նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության խախտում է, որով ՀՀ–ն պարտավորվել է երաշխավորել բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անարգել տեղաշարժը»,– ասել է Բայրամովը Հունգարիա այցի ժամանակ Magyar Demokrata–ին տված հարցազրույցում։

Ըստ նախարարի, այս պայմաններում Երևանը կարող է ևս մեկ շահավետ հնարավորություն բաց թողնել, քանի որ «ճանապարհն ուղղակի կարող է շրջանցել Հայաստանը»։

«Ադրբեջանը կշարունակի աշխատանքն այդ ուղղությամբ՝ ունենալով պլան Բ, որի դեպքում նախագիծը կիրականացվի առանց Հայաստանի մասնակցության և այդ դեպքում նա ուղղակի դուրս կմնա շահառուների թվից»,–ասել է Բայրամովը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակել է՝ «Զանգեզուրի միջանցքի» իր ակնկալիքները բավարարելու նկրտումով։

Հունիսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն անխուսափելի է։