Ադրբեջանի իշխանությունների հրահանգով Լաչինի միջանցքը փակած, այսպես կոչված, «էկոակտիստներից» մեկը ձերբակալվել է՝ Հայաստանին օգտին լրտեսության մեղադրանքով։
Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղղորդված և վերահսկվող տարբեր կազմակերպությունների, զինված ուժերի ներկայացուցիչներ դեկտեմբերի 12-ից փակել էին Լաչինի միջանցքը։ Միայն ապրիլի 23-ին միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումից հետո Բաքուն հեռացրեց «էկոակտիվիստներին»։
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում քննվում է 20-ամյա Ֆիդան Ալիևայի քրեական գործը։ Նա մեղադրվում է, իբր, Հայաստանի օգտին լրտեսության, հայկական հատուկ ծառայության աշխատակցի միջոցով Ադրբեջանի մասին տեղեկություններ փոխանցելու համար, հայտնում է Factor.am` ադրբեջանական լրատվամիջոցների վրա հղումով։
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 274 հոդվածի (դավաճանություն) հատկանիշներով։ Սույն հոդվածը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։
Մի քանի ամիս առաջ Ֆիդան Ալիևան ձերբակալվել էր Պետական անվտանգության ծառայության կողմից։ Հաղորդվում է, որ Ալիևան 2022 թվականի դեկտեմբերի 12-ին սկսված և 138 օր Լաչինի միջանցքը փակ պահած «էկոակտիվիստներից մեկն է», որն ակտիվորեն մասնակցել է ակցիային։ Ենթադրվում է, որ նա, իբր, տեղեկություններ, տեսանյութեր և լուսանկարներ է ուղարկել Հայաստանի հատուկ ծառայության աշխատակցին, ում հետ ծանոթացել է Տելեգրամ հարթակում։
Դատարանում ցուցմունք տված Ալիևան իրեն մեղավոր չի ճանաչել։ Նա պատմել է, որ կարծել է՝ անձը, ում հետ ծանոթացել է Տելեգրամում, ռուս է։ Ալիևայի խոսքով՝ ցանկացել է հանդիպել այդ անձին ոչ թե տեղեկություն փոխանցելու, այլ անձնական նպատակով։
«Առաջ ես երբեք չեմ իմացել, որ նա հայ է։ Նպատակս սովորական մարդու պես հանդիպելն էր։ Ես նպատակ չեմ ունեցել տեղեկատվություն տրամադրել Ադրբեջանի մասին»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է լուսանկարներին ու տեսանյութերին, նա նշել է, որ այդ անձն իրեն երբեմն ասել է որոշ վայրեր նկարել և ուղարկել, ինչն էլ արել է։
Մի քանի ամիս առաջ էլ «էկոակտիվիստներից» մի քանիսը բողոքի ակցիա էին անցկացրել՝ բողոքելով իրենց ֆինանսավորման կրճատման դեմ։