Արցախի ՊՆ-ն հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, որ Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 8–ին` ժամը 00:25–ի սահմաններում, ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հայկական կողմի իբր սադրանքի կամ կուտակումների մասին, ինչն արվում է նույնիսկ օրը մի քանի անգամ։ Միաժամանակ ադրբեջանական ԶՈւ կուտակումներ են նկատվում ինչպես ՀՀ հետ սահմանին, այնպես էլ ԼՂ հատվածում։