ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրանք է անվանել բլոգեր Միքայել Բադալյանի և Sputnik Արմենիայի մեկնաբան Աշոտ Գևորգյանի ձերբակալությունը՝ հավելելով, որ այն ուղղված է Մոսկվայի և Երևանի կապերը «մթագնելուն»։ Այդ մասին նա ասել է իր ողջույնի խոսքում՝ ուղղված Երևանում ընթացող Հայ–ռուսական մեդիաֆորումի մասնակիցներին։
«Այն մասին, ինչն ուղղակի ապշեցրեց երեկ տեղեկատվական ոլորտը և Ռուսաստանում, և Հայաստանում՝ դա «Sputnik Արմենիա» ռադիոյի մեկանաբան Գևորգյանի և բլոգեր Բադալյանի ձերբակալությունն է։ Կատարված լինելով անմիջապես Ռուս–հայկական մեդիաֆորումի անցկացման ժամանակ, այս սադրանքն ուղղված է, հավանաբար, երկկողմ հարաբերությունների համար այս կարևոր միջոցառման խափանմանը։ Ակնհայտ է, որ այս սադրանքի հետևում կանգնած են այն նույն ուժերը, որոնք շահագրգռված չեն, որ մեր ժողովուրդներն ու երկրները մերձենան, այլ ճիշտ հակառակը՝ շահագրգռված են, որ մարդիկ օտարանան, որ սերմանվի ատելություն, վախ, անվստահություն»,– ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Զախարովան նշել է, որ առանձին ռուսաստանցի փորձագետների արտահայտությունները համեմատելի չեն «մի շարք հայկական ԶԼՄ–ներում սանձարձակված հակառուսական արշավի հետ»։
«Մենք այսօր պայմանավորվել ենք անկեղծ խոսել խնդիրների մասին։ Ռուսաստանն իր կողմից շահագրգռված է, որ համատեղ, ազնիվ ու կառուցողական ոճով որոնենք իրավիճակը շտկելու ուղիները»,–ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Քննչական կոմիտեն հաստատել է, որ Գորիսում ձերբակալվել են բլոգեր Միկա Բադալյանն ու «Sputnik Արմենիայի» ռադիոյի սյունակագիր Աշոտ Գևորգյանը։ Ձերբակալվել է ևս 5 անձ։ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մտահոգություն էր հայտնել բլոգերի Բադալյանի և Գևորգյանի ձերբակալության կապակցությամբ։