Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը հայտարարություն է տարածել ԱԺ հատուկ նիստ գումարելու մասին, որը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, Հանրապետության նախագահի ընտրության հարցով։
Նա նաև տեղեկացրել է, որ ԱԺ-ն հետ է վերադարձրել ԱՀ նախագահի պաշտոնի համար Սամվել Բաբայանի առաջադրման փաստաթղթերը, քանի որ վերջինս չունի վերջին 10 տարում Արցախում բնակվելու տեղեկանք։
«Առաջնորդվելով Սահմանադրության 168.1-ին հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով ՝ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք – ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածու են առաջադրել Սամվել Սերգեյի Շահրամանյանին, «Միասնական հայրենիք» խմբակցությունը՝ Սամվել Անդրանիկի Բաբայանին:
«Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Սամվել Անդրանիկի Բաբայանին Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը հետ են վերադարձվել՝ վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով»,–ասվում է հայտարարության մեջ։
Արցախի Հանրապետության խորհրդարանի ընդդիմադիր երեք խմբակցությունները՝ «Արդարություն», ՀՅԴ, «Արցախի ժողովրդավարական», Արցախի նախագահի պաշտոնում առաջադրել են նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանի թեկնածությունը։ Իշխող «Ազատ Հայրենիք-ՔԴՄ» խմբակցության պատգամավորները նույնպես կողմ են Սամվել Շահրամանյանի թեկնածությանը։