AM
8 September 2023 - 14:41 AMT

Արցախի անվտանգության և զարգացման ճակատը պատրաստ է կառուցողական գործակցության նոր ղեկավարության հետ

Արցախի անվտանգության և զարգացման ճակատը պատրաստ է կառուցողական համագործակցության՝ Հանրապետության նոր ղեկավարության հետ: Այդ մասին ասվում է ճակատի հայտարարության մեջ։

Ճակատն ակնկալում է, որ Արցախի Հանրապետության նոր ղեկավարությունը, ստանձնելով իշխանության պատասխանատվությունը, հնարավորինս արագ կձևավորի հետագա քայլերի ռազմավարությունը և համակարգային ու հետևողական մոտեցումով այն կյանքի կկոչի

«․․․Քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ Արցախը ենթարկվում է ֆաշիստական բռնաճնշումների, տառապում` տոտալ շրջափակումից, Արցախի Հանրապետության քաղաքացիները առևանգվում են անգամ Կարմիր Խաչի մեքենայից:

Ադրբեջանը ոչ միայն շարունակում է անպատիժ խախտել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այլև անտեսում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից միջանկյալ որոշումներով արձանագրված պահանջները, արհամարհում միջազգային հանրության ու միջնորդական առաքելությունների կողմից հնչեցվող կոչերը:

Մենք գնահատում ենք միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, բայց և փաստում ենք, որ դրանք բավարար արդյունավետ չեն հիմնախնդրի հանգուցալուծման համար, անհրաժեշտ են նոր մոտեցումներ ու մեխանիզմներ` Արցախը ադրբեջանական պաշարումից ազատելու համար:

Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքակիրթ երկրների ոչ անտարբեր քաղաքացիներին՝ ուժեղացնել ճնշումն իրենց կառավարությունների վրա, ստիպել նրանց էլ ավելի ակտիվ ներգործել ագրեսորի վրա՝ հանուն Արցախի 120,000 խաղաղ բնակիչների, այդ թվում՝ 30,000 երեխաների պաշտպանության։

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ջանքերը՝ ուղղված Արցախի անվտանգության ապահովմանը և ընդգծում ենք Ռուսաստանի միջնորդական դերն ու պատասխանատվությունը տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման գործում։ Միևնույն ժամանակ, Արցախի սահմանին ադրբեջանական զինուժի ակնհայտ կուտակումը տեսնելով, մենք ցանկանում ենք վստահ լինել, որ ռուս խաղաղապահները և դաշնակից մյուս երկրները Ադրբեջանին թույլ չեն տա դիմել նոր ռազմական ագրեսիայի։

Արցախցիները՝ մեծ ու փոքր, իրենց դիմադրությամբ ապացուցել են, որ պատրաստ են ամբողջ ուժով պաշտպանել իրենց, պաշտպանել իրենց հայրենիքը, ազգային պատիվն ու արժանապատվությունը։

Տասնամյակների այս հակամարտությունը հնարավոր չէ լուծել մեկ օրում, «փոքր հաղթական պատերազմով» կամ խաղաղության մեկ պայմանագրով: Բայց մենք համոզված ենք, որ առանց կարմիր գծերը հատելու լուծումներ կարելի է գտնել, և կա ժողովուրդների խաղաղ գոյակցության հնարավորություն։ Դրա համար պահանջվում են ազնիվ, իրատեսական քայլեր, որոնք կվայելեն ժողովրդի վստահությունը։

Միջնորդական առաքելությունների և բանակցությունների անարդյունավետությունը վկայում է, որ առկա է բանակցային նարատիվի և բանակցային տրամաբանության որոշակի սխալ, որի սրբագրումը իրական հնարավորություն կբացի բարդ հակամարտության երկարաժամկետ լուծման համար:

Ադրբեջանի կողմից չթուլացող ճնշումներն ու չընդհատվող ծանրագույն շրջափակումն ակնհայտ են դարձնում, որ անհրաժեշտ է գտնել անվտանգային խնդրի միջանկյալ լուծման մեխանիզմ, որը կապահովի Արցախի ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է շարունակել աշխատանքը հակամարտության դեէսկալացիայի ուղղությամբ, ստեղծել քաղաքակիրթ միջավայր Ադրբեջանի հետ բանակցությունների և աշխատանքային շփումների, երկարաժամկետ և կայուն խաղաղության ու երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության համար։

Մենք ողջունում ենք Արցախի Հանրապետության Սահմանադրության շրջանակներում իշխանության օրինական փոխանցման գործընթացի մեկնարկը, ինչը վկայում է մեր ինքնիշխանության հասունությունը»,–ասվում է հայտարարության մեջ։

Ճակատը նաև կոչ է անում բոլորին սթափ գնահատել իրավիճակի բարդությունը և չտրվել Արցախի ներքին անվտանգությանն ու պետականությանը սպառնացող սադրանքներին։

Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը հայտարարություն է տարածել ԱԺ հատուկ նիստ գումարելու մասին, որը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, Հանրապետության նախագահի ընտրության հարցով։

Նա նաև տեղեկացրել է, որ ԱԺ-ն հետ է վերադարձրել ԱՀ նախագահի պաշտոնի համար Սամվել Բաբայանի առաջադրման փաստաթղթերը, քանի որ վերջինս չունի վերջին 10 տարում Արցախում բնակվելու տեղեկանք։