AM
13 September 2023 - 06:56 AMT

Զախարովա․ ՌԴ-ն թշնամի չէ Հայաստանին և երբեք չի լինի

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարե, է, որ Ռուսաստանը թշնամի չէ Հայաստանին և երբեք չի լինի։ Նա այդ մասին ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ Մոսկվայի կոշտ արձագանքը Երևանի կտրուկ արտահայտություններին պայմանավորված է նրանով, որ դրանք հիմնված են «կեղծիքի կամ փաստերը խեղաթյուրելու փորձի վրա»։

«Մենք ուշադրություն ենք դարձրել նույնիսկ ոչ այնքան անձնական բնույթի վիրավորական բաներին կամ տոնայնությանը, այլ այն հանգամանքին, որ դրանց հիմքում սուտն էր, անճշտությունը կամ փաստերը խեղաթյուրելու փորձը։ Ահա ինչը դրդեց մեզ այն արձագանքին և ինչու ՀՀ դեսպանը հրավիրվեց ԱԳՆ»,– ասել է Զախարովան։

Նա նաև զգուշացրել է «մեղավորներ գտնելու գայթակղության» վտանգավորության մասին, երբ «ինչ–որ բան չի ստացվում կամ այնպես չի գնում»։

«Դա ևս կարող է հանգեցնել աղետալիի հետևանքների։ Դա վտանգավոր է Հայաստանի համար»,– ասել է նա։

«Ոչ թե Ռուսաստանն է ճանաչել Բաքվի իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, այլ Հայաստանի ղեկավարությունը։ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի` ինչպես վերաբերվել դրան։ Սակայն պետք չէ Երևանում կայացված որոշումների համար մեղքն ու պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա: Պետք չէ ի դեմս Ռուսաստանի թշնամի փնտրել։ Ռուսաստանը երբեք Հայաստանի թշնամին չի եղել և երբեք չի լինի։ Երբեք չի լինի», – ընդգծել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ–ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին կանչել են երկրի ԱԳՆ և բողոքի նոտա ներկայացրել Երևանի «մի շարք ոչ բարեկամական քայլերի» վերաբերյալ։ Նշվում էր, որ ՀՀ ղեկավարությունը վերջին օրերին մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել, որոնց թվում են՝ Հռոմի ստատուտը վավերացման ուղարկելը, վարչապետի տիկնոջ այցը Կիև, որտեղ նա հումանիտար օգնություն է հանձնել «Կիևի նացիստական ռեժիմին», ԱՄՆ մասնակցությամբ զորավարժությունները ՀՀ տարածքում։

Միևնույն ժամանակ նշվում էր, որ Մոսկվան ելնում է այն հանգամանքից, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և հարաբերությունների զարգացմանն ուղղված բոլոր պայմանավորվածությունները կիրականացվեն ի շահ երկրների ժողովուրդների: