ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությանը, ասել է, որ Ռուսաստանը հայտնում է Թուրքիային իր մտահագությունը բոլոր խնդրահարույց հարցերի դեպքում։
«Մենք հայտնում ենք մեր մտահագությունը խնդրահարույց հարցերի վերաբերյալ այն կողմին, որի դեպքում կան հարցեր։ Մասնավորապես, դուք հիմա խոսում էիք Թուրքիայի մասին, մենք անմիջապես նրանց հետ ենք քննարկում այդ հարցերը»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։
Ըստ նրա, դա վերաբերում է նաև հայ–ադրբեջանական հարաբերություններին և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին։
Ըստ Զախարովայի, ոչ մի արտաքին ազդեցություն կամ մասնակցություն չպետք է վնասի առկա պայմանավորվածություններին, առանց կողմերի համաձայնության, հատկապես եթե կա գոնե փոքր հեռանկար, որ դա կխախտի ուժերի փխրուն բալանսը, որը ձեռք է բերվել դիվանագիտական աշխատանքի կամ միջնորդների ու խաղաղապահների օգնությամբ։
Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես համատեղ զորավարժություններ են անցկացնում երկու երկրների տարածքում, զինագործական համատեղ ձեռնարկություններ ունեն և նորերն են բացում, ադրբեջանցի զինծառայողները վերապատրաստվում են Թուրքիայում և այլն։