Ուրուգվայի պաշտպանության նախարար Խավիեր Գարսիան Բուենոս Այրեսում ՄԱԿ-ի խաղաղարար գործողություններին նվիրված Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի համաժողովի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը։
«Մենք չենք կարող այլ կողմ նայել, երբ հայ ժողովուրդն Արցախում տառապում է հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի փակումից հետո մարդու իրավունքների ոտնահարումների պատճառով»,–ասել է նա, հայտնում է Արմենպրեսը՝ Diario Armenia-ին հղում։
Նա նշել է, որ չի կարելի չդատապարտել մարդու իրավունքների խախտումները, որոնց հետևանքները կրում է հայ ժողովուրդը։
«Եթե խաղաղության այս մայրցամաքը, որը միավորում է մեզ և որը մենք ընդունում ենք, իսկապես մայրցամաք է առաջնորդի կոչումով, ապա այն չի կարող չդատապարտել խաղաղության և մարդու իրավունքների դեմ ոտնձգությունները, որոնք իրականացվում են Ուկրաինայում ռուսական ներխուժումից ի վեր, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումները, որոնց հետևանքները կրում է հայ ժողովուրդը»,-Ուրուգվայի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հայտարարել է Խավիեր Գարսիան։
Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է, որոնց ավելացել են նաև Փարիզի և Ֆրանսիայի շրջանների ուղարկած հումանիտար բեռով բեռնատարները։
Ադրբեջանի Կարմիր մահիկի կողմից Աղդամի ճանապարհով դեպի Արցախ ուղևորվող երկու բեռնատար հասել է Աղդամ– Ստեփանակերտ ճանապարհին։Բաքուն հայտարարել է, թե այդ բեռնատարներում 40 տոննա ալյուր է Ստեփանակերտի բնակիչների համար։ Ադրբեջանի ԶԼՄ–ների համաձայն, նրանք բանակցում են ռուս խաղաղապահների հետ և վրաններ են տեղադրել ճանապարհին։ Արցախցիները կտրականապես դեմ են այդ տարբերակին և հայտարարում են, որ այդ ճանապարհով բեռներ չեն ընդունի։Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմետ Հաջիևը հայտարարել է թե Աղդամով ճանապարհի բացվելուց 24 ժամ անց կբացվի Լաչինի միջանցքը: