Հայաստանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 12–ին հրավիրված ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստում Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Նիլ Հոլանդը՝ մտահոգություն հայտնելով հումանիտար ճգնաժամի կապակցությամբ։
Նա կարևորել է, որ Հաագայի դատարանի որոշումը կատարվի՝ Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժ ապահովվի, հայտնում է Factor.am-ը։
«Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի շարունակական խափանումներով և տեղի բնակչության համար դրա հետ կապված մարդասիրական հետևանքներով, մասնավորապես, կապված դեղորայքի, առողջապահական խնամքի և այլ հիմնական ապրանքների ու ծառայությունների մատակարարման հետ: Հետևաբար, կարևոր է, որ 2023 թվականի փետրվարին ընդունված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարվի՝ Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով անարգել տեղաշարժ ապահովելու համար»,- ասել է Հոլանդը։
Նա նշել է, որ Բրիտանիան կողմերին խստորեն հորդորում է թույլ տալ ԿԽՄԿ-ին մուտք գործել հասանելի բոլոր երթուղիներով, ինչպիսին է նաև Աղդամի ճանապարհը, որպեսզի կազմակերպությունը կարողանա կատարել կենսական նշանակության իր աշխատանքը: Բացի այդ, բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան մարդասիրական օգնության հետագա քաղաքականացումից՝ խաղաղ բնակչության կարիքները բավարարելու համար։
«Բրիտանիան մտահոգությամբ նշում է լարվածության աճը՝ վերջին շրջանում երկու կողմերի սահմանային խախտումների և ռազմական մանևրների աճից հետո: Մենք վստահ ենք, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և երկու կողմերին կոչ ենք անում կրկնապատկել իրենց ջանքերը՝ միջազգային միջնորդությամբ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար, այդ թվում՝ դրույթներ ընդունելով Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության պաշտպանության համար»,- ասել է բրիտանավի դիվանագետը։
Հոլանդը նշել է նաև, որ «միայն դիվանագիտական ճանապարհով և ՄԱԿ-ի կանոնադրությամբ ու Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին համապատասխան կտեսնեն հակամարտության կայուն լուծումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը»։
Ռուսաստանի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով սեպտեմբերի 12-ին մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով հանրապետության իշխանությունների թույլտվությամբ: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:
Ադրբեջանի ԱԳՆ–ն դրական է գնահատել ՌԴ Կարմիր Խաչի բեռնատարի անցումը հենց Աղդամի ճանապարհով՝ որակելով դա «որպես կարևոր առաջխաղացում այդ ճանապարհի բացման ուղղությամբ» և հայտարարել է, որ համաձայն է «Աղդամի և Լաչինի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ միջոցով»: