Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերի գծով բաժնի վարիչ Հիքմետ Հաջիևը կոչ է արել «միջազգային գործընկերներին ճնշում գործադրել Երևանի վրա՝ Ղարաբաղի մատակարարման երթուղիների հարցում»:
Նա ասել է, թե Բաքում շարունակում է փոխգործակցել ԿԽՄԿ հետ «ապահովելու համար Աղդամով և Լաչինի ճանապարհների շուտափույթ և միաժամանակյա բացում ԿԽՄԿ բեռների ուղեկցության համար, ինչպես դա համաձայնեցվել էր սեպտեմբերի 1–ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցի ժամանակ», գրում է Interfax.az-ը։
Նա մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի և Արցախի իաշխանությունների հասցեին, որոնք «հրաժավում են բացել Աղդամի ճանապարհը»։
Ռուսաստանի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով սեպտեմբերի 12-ին մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով հանրապետության իշխանությունների թույլտվությամբ: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:
Ադրբեջանի ԱԳՆ–ն դրական է գնահատել ՌԴ Կարմիր Խաչի բեռնատարի անցումը հենց Աղդամի ճանապարհով՝ որակելով դա «որպես կարևոր առաջխաղացում այդ ճանապարհի բացման ուղղությամբ» և հայտարարել է, որ համաձայն է «Աղդամի և Լաչինի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ միջոցով»: