AM
13 September 2023 - 14:34 AMT

Բաքուն պատասխանել է խաղաղության պայմանագրի մասով ՀՀ վերջին մեկնաբանություններին

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն ասել է, որ Բաքուն Երևանին է փոխանցել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի վերաբերյալ Հայաստանի վերջին մեկնաբանություններին պատասխանը։

Ըստ նրա, հայկական կողմի այն հայտարարությունները, թե Երևանը մինչ օրս չի ստացել ադրբեջանական կողմի պատասխանը, «չեն համապատասխանում իրականությանը»,– գրում է Interfax.az-ը։

«Երևանի այդ հայտարարությունները հայկական կողմի հերթական մանիպուլյացիաներն են։ Ադրբեջանը սեղմ ժամկետում հայկական կողմին է ներկայացրել իր մեկնաբանությունները»,–ասել է նա։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 13–ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ, իր տեղեկություններով, Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի վերջին առաջարկներին։

Օգոստոսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմին են փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները: