Կրեմլում մտահոգված են, որ լարվածությունը Բաքվի և Երևանի միջև չի նվազում, իսկ որոշ հատվածներում աճի միտումներ ունի։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք մտահոգված ենք, որ լարվածությունը չի նվազում, և նույնիսկ որոշ հատվածներում աճի միտում ունի»,– ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է անվտանգության հուսալի երաշխավոր լինել և շփումները Բաքվի և Երևանի հետ շարունակվում են։
«Անշուշտ մենք զսպվածության կոչ ենք անում կողմերին, ինչպես նաև կոչ ենք անում գործել եռակողմ փաստաթղթերի ոգով, որոնք ստորագրվել են 2 տարի առաջ՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով այն նոր իրողությունները, որոնք հայտնվել են դրանից հետո»,– ասել է նա։
Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հայկական կողմի իբր սադրանքի կամ կուտակումների մասին, ինչն արվում է նույնիսկ օրը մի քանի անգամ։ Միաժամանակ ադրբեջանական ԶՈւ կուտակումներ են նկատվում ինչպես ՀՀ հետ սահմանին, այնպես էլ ԼՂ հատվածում։
Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը լարվածության աճ է գրանցել ՀՀ սահմաններին և ավելացրել է պարեկությունը, մասնվորապես՝ Գեղարքունիքի և Սյունիքի սահամամերձ շրջաններում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում։