ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հայտարարությունն անվտանգության ոլորտում Հայաստանին աջակցելու և համագործակցելու մասին ուղղված է հակառուսական հարթակի ստեղծմանն Անդրկովկասում։
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն պետք է մեծացնի համակողմանի աջակցությունը Հայաստանին՝ լինի դա զարգացման, թե պաշտպանական ոլորտում, ընդլայնել, որքան, որ հնարավոր է։
«Քիմն ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ հայտարարել է, որ խոսքը պետք է գնա ՀՀ գործընկերության մասին ԱՄՆ–ի, ոչ թե Ռուսաստանի հետ։ Հիմա էլ Վաշինգտոնը մտադիր է «օգնել» Երևանին՝ երազելով, հավանաբար, նոր հակառուսական պլացդարմ ստեղծել Անդրկովկասում», գրում է ՌԻԱ Նովոստին։
Նա հավելել է, որ նման աջակցություն առաջարկվել էր նաև Կիևին, իսկ այժմ «Ուկրաինան վերածվել է ԱՄՆ խամաճիկի, որը կորցրել է իր ինքնիշխանությունը և իր բազմաթիվ քաղաքացիներին»։
«Անդրօվկիանոսյան հովանավորությունն աշխարհի դեռ ոչ մի երկրի օգուտ չի տվել՝ բերելով միայն աղետներ և վիշտ, արյուն և ավերածություններ։ Ի վերջո հենց դրան է հանգեցնում ամերիկյան ձևով «գործընկերությունն» ու «զարգացմանն աջակցելը»,– ասել է խորհրդարանականը։