ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը հայտարարել է, որ ԼՂ–ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ Սենատում կայացած լսումները թույլ տվեցին լույս սփռել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից էթնիկ զտումների կանխամտածված արշավի վրա։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
«ԱՄՆ Սենատում լսումների անցկացումն օգնեց լույս սփռել Ալիևի էթնիկ զտումների կանխամտածված արշավի վրա, որը շարունակվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմամբ»,-ասվում է գրառման մեջ։
Փալոնը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսին կարևոր լսումների անցկացման համար։
Ռուսաստանի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով սեպտեմբերի 12-ին մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով հանրապետության իշխանությունների թույլտվությամբ: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:
Ադրբեջանի ԱԳՆ–ն դրական է գնահատել ՌԴ Կարմիր Խաչի բեռնատարի անցումը հենց Աղդամի ճանապարհով՝ որակելով դա «որպես կարևոր առաջխաղացում այդ ճանապարհի բացման ուղղությամբ» և հայտարարել է, որ համաձայն է «Աղդամի և Լաչինի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ միջոցով»: