ՄԹ լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ եթե Արցախը հանձնվի, ապա դա տևական խաղաղություն չի երաշխավորի։
Նա նշել է, որ խիստ ծանր սրտով է, որ պետք է ընդունենք այն անհանգստացնող հավանականությունը, որ հայոց ցեղասպանությունը չի ավարտվել,գրում է Aysor.am-ը։
«Կան նրանք, ովքեր ցանկանում են այն ավարտին հասցնել և կան նրանք, ովքեր չեն կարողանում և չեն ցանկանում դադարեցնել այն։ Միանգամայն հնարավոր է, որ այն, ինչ արվում է Արցախի նկատմամբ, ժամանակի ընթացքում կարվի նաև ՀՀ նկատմամբ։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցվող պայմանագրի արդյունքում եթե Արցախը հանձնվի, ապա տարածքում տևական խաղաղություն չի երաշխավորվում և չի էլ կարող։ Ձեր ազգի համար այս վճռորոշ պահին իմ հույսն ու աղոթքն է, որ համայն հայությունը կշարունակի բարձր պահել Արցախի համար պայքարը որպես միասնության խորհրդանիշ», – ասել է բարոնուհի Քոքսը։
Ռուսաստանի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով սեպտեմբերի 12-ին մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով հանրապետության իշխանությունների թույլտվությամբ: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:
Ադրբեջանի ԱԳՆ–ն դրական է գնահատել ՌԴ Կարմիր Խաչի բեռնատարի անցումը հենց Աղդամի ճանապարհով՝ որակելով դա «որպես կարևոր առաջխաղացում այդ ճանապարհի բացման ուղղությամբ» և հայտարարել է, որ համաձայն է «Աղդամի և Լաչինի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ միջոցով»: