Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 15-ին հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է, որ Արցախի լիակատար շրջափակման պայմաններում կառավարությունը պետք է օպերատիվ միջոցներ ձեռնարկի հանրապետությունում առկա պարենային ռեսուրսների կետրոնացման, բնակչությանը կենսական նշանակության ապրանքների տրամադրման գործընթացը կտրոնային համակարգի միջոցով կազմակերպելու ուղղությամբ:
«Մենք պետք է անհապաղ արձագանքենք բնակչության շրջանում առկա դժգոհություններին, օգտագործեք բոլոր անհրաժեշտ միջոցները գյուղատնտեսական ապրանքների գնաճը կանխելու, գները կարգավորելու և առկա սուղ միջոցներն արդար բաշխելու համար», – ընդգծել է երկրի ղեկավարը:
Արծարծվել են նաև գյուղատնտեսական ապրանքների գնագոյացման, կենսական նշանակության ապրանքների բաշխման հետ կապված և այլ հրատապ խնդիրներ:
Խորհրդակցության ընթացքում նախագահն անդրադարձել է նաև ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստանի Հանրապետություն քաղաքացիական անձանց տեղափոխման խնդրներին: Սամվել Շահրամանյանը նշել է, որ այդ գործընթացը պետք է իրականացվի խիստ վերահսկողության պայմաններում, թափանցիկ ու գործող կարգերին համաձայն: Այդ համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է տեղերում աշխատանքային խմբեր ստեղծելու անհրաժեշտությունը:
Նախագահը խորհրդակցության օրակարգային հարցերի վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ է տվել լիազոր մարմինների ղեկավարներին։
Ռուսաստանի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով սեպտեմբերի 12-ին մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով հանրապետության իշխանությունների թույլտվությամբ: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:
Ադրբեջանի ԱԳՆ–ն դրական է գնահատել ՌԴ Կարմիր Խաչի բեռնատարի անցումը հենց Աղդամի ճանապարհով՝ որակելով դա «որպես կարևոր առաջխաղացում այդ ճանապարհի բացման ուղղությամբ» և հայտարարել է, որ համաձայն է «Աղդամի և Լաչինի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ միջոցով»: