AM
19 September 2023 - 13:01 AMT

Զախարովա․ Բաքուն ԼՂ–ում «գործողության» մասին հայտնել է դրա մեկնարկից րոպեներ առաջ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ տեղեկատվությունը, թե Ադրբեջանը նախապես իրազեկել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում իր գործողությունների մասին, չի համապատասխանում իրականությանը։

«Գործողության մասին տեղեկությունը փոխանցվել է մարտական գործողությունների մեկնարկից րոպեներ առաջ»,–ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

«ԶԼՄ–ներում վկայություններ են տարածվում այն մասին, թե ադրբեջանական կողմն իբր «նախապես» զգուշացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում այսօրվա գործողության մասին։ Դա չի համապատասխանում իրականությանը»,–գրել է Զախարովան Տելեգրամ-ի իր ալիքում։

Այդ տեղեկությունն իր պաշտոնական հայտարարության մեջ հրապարակել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Դրան անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տարակուսանք հայտնելով այդ առնչությամբ։

«Մեզ համար տարակուսելի էր տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ-ին, սակայն փաստն այն է, որ մենք այդ գործողության մասին Ռուսաստանի մեր գործընկերներից որևէ տեղեկատվություն չենք ստացել»,–ասել է Փաշինյանը։

Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։