Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով։ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր, հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը։
ՊԲ-ն ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։
Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական քարոզչամեքենան կիրառում է լայնածավալ տեղեկատվական-հոգեբանական ներազդման միջոցառումներ։ ՊԲ-ն կոչ է անում հայկական ԶԼՄ-ներին, ֆեյսբուքյան օգտատերերին չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել միայն պաշտոնական աղբյուրներին։
Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։