AM
19 September 2023 - 13:42 AMT

Մեդվեդև. «Հետո նա պարտվեց պատերազմում, բայց… մնաց աթոռին, հետո որոշեց իր անտաղանդ պարտության մեջ մեղադրել ՌԴ-ին»

ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, առանց անուններ նշելու (հավանաբար՝ նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին), տելեգրամյան իր ալիքում գրել է.

«Մի օր եղբայրական երկրի իմ գործընկերներից մեկն ինձ ասաց. «Դե, ես ձեզ համար օտար եմ, դուք ինձ չեք ընդունի»:

Ես պատասխանեցի, ինչպես հարկն էր` «Դատել պետք է ոչ թե կենսագրությամբ, այլ գործողություններով»:

Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց իր աթոռին։ Հետո որոշեց իր անտաղանդ պարտության մեջ մեղադրել Ռուսաստանին։ Հետո նա հրաժարվեց իր երկրի տարածքի մի մասից։ Հետո նա որոշեց սիրահետել ՆԱՏՕ-ին, ու նրա կինը հանդգնորեն թխվածքաբլիթներով գնաց մեր թշնամիների մոտ:

Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում…»,- գրել է նա:

Ավելի վաղ ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մեզ համար տարակուսելի էր տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողությունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ-ին, սակայն փաստն այն է, որ մենք այդ գործողության մասին Ռուսաստանի մեր գործընկերներից որևէ տեղեկատվություն չենք ստացել»։

Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։