Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հետ։
Հասանովը Գյուլերին տեղեկացրել է ադրբեջանական բանակի կողմից Արցախում իրականացվող իբրև թե «հակաահաբեկչական գործողությունների» մասին, ինչին ի պատասխան թուրք նախարարը նշել է․ «Թուրքիան այսօր և ինչպես միշտ Ադրբեջանի կողքին է», հայտնում է Ermenihaber-ը։
Նախարարներից բացի հեռախոսազրույց են ունեցել նաև Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը։ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը ևս նշել է, որ Թուրքիան կանգնած է եղբայրական Ադրբեջանի կողքին։
Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։