AM
19 September 2023 - 14:47 AMT

ԵՄ-ն դատապարտել է ռազմական էսկալացիան ԼՂ-ում. «Սա չպետք է պատրվակ դառնա տեղի բնակչության բռնի տեղահանման համար»

Եվրամիությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում սանձազերծված ռազմական էսկալացիան շփման գծում և այլուր: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ դիվագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:

«Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, նաև հորդորում Ադրբեջանին դադարեցնել ներկայիս ռազմական գործողությունները: Սա չպետք է պատրվակ դառնա տեղի բնակչության բռնի տեղահանման համար»,- նշել է նա:

Միաժամանակ Ավստրիայի ԱԳՆ-ն իր անհագստությունն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրմամբ:

«Չափազանց անհանգստացած ենք Հարավային Կովկասում հարձակումից: Կոչ ենք անում Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն. Հիմա դեէսկալացիա է անհրաժեշտ»,- ասվում է գրառման մեջ:

Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։