AM
19 September 2023 - 14:59 AMT

Բաքուն պատրաստ է հանդիպել Արցախի ներկայացուցիչների հետ Եվլախում, բայց միայն ՊԲ կողմից զենքերը վայր դնելուց հետո

Ադրբեջանը պատրաստ է Եվլախում հանդիպել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, հայտնել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից` հավելելով, թե մինչ այս մի քանի անգամ հրավիրել են նրանց «վերաինտեգրացիայի մասին բանակցությունների, բայց նրանք չեն եկել»:

Ավելի վաղ Ղարաբաղյան կողմն Ադրբեջանին առաջարկել էր նստել բանակցային սեղանի շուրջ։

«Սակայն հակաահաբեկչական միջոցառումները դադարեցնելու համար ապօրինի հայկական զինված խմբավորումները (խոսքն Արցախի ՊԲ մասին է՝ խմբ.) պետք է հանձնեն բոլոր զենքերը, և ապօրինի ռեժիմը պետք է լուծարվի։ Հակառակ դեպքում հակաահաբեկչական միջոցառումները կշարունակվեն մինչև վերջ», – ասվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։