AM
20 September 2023 - 06:34 AMT

Ադրբեջանը գնդակոծել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության մեքենան

Սեպտեմբերի 20-ի ժամը 5:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը գնդակոծել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել է Մարտակերտի շրջան՝ 8 դիակ մայրաքաղաք տեղափոխելու նպատակով։ Այդ մասին հայտնել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Վիրավորվել է շտապօգնության վարորդը և այս պահին չի կարողանում դիակները տեղափոխել Ստեփանակերտ:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Արցախն ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ է տարհանվել: Զոհերի ու վիրավորների թիվը գնալով աճում է, այդ թվում՝ երեխաների շրջանում: Բաքուն հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ նորընտիր իշխանությունն էլ չլուծարվի: