Կարնեգի եվրոպական հիմնադրամի տարածաշրջանային մասնագետ Թոմաս դե Վաալը, անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային, գրել է, որ իրավիճակը կարող է շատ ավելի վատանալ։ Այդ մասին նա գրել է X միկրոբլոգում։
«Ղարաբաղում նոր պատերազմի առաջին օրը (սարսափելի է սա գրելը)… Սարսափելի օր արևմտյան դիվանագիտության, խաղաղապահների և, առաջին հերթին, իհարկե, Ղարաբաղի ժողովրդի համար։ Վախենում եմ, որ հիմնական դիտարկումն այն է, որ իրավիճակը կարող է շատ ավելի վատանալ»,–գրել է նա, հայտնում է Aysor.am-ը:
Նա նշել է, որ Բաքուն կոչ է անում լուծարել ղարաբաղցի հայերի քաղաքական կառույցները և տեղի զինված ուժերը մինչև բանակցությունների մեկնարկը։
«Սա հանձնվելու կոչ է, որը մյուս կողմը չի ընդունի։
Այսպիսով, Ադրբեջանի հարձակումը Ղարաբաղի վրա կշարունակվի։ Այսօր Բաքուն հիմնականում ավիացիան օգտագործում էր Ղարաբաղում մնացած ռազմական ենթակառուցվածքը ոչնչացնելու համար։ Արդեն հաղորդվել է մի քանի տասնյակ զոհի մասին։
Այնուամենայնիվ, այն, ինչ հաջորդում է, կարող է ավելի վատ լինել: Հաջորդ քայլը կարող է լինել ցամաքային հարձակումը՝ բնակեցված տարածքները գրավելու համար: Շատ ավելի արյունահեղության հեռանկարով։
Այսպիսով, միջազգային դիվանագիտությանը քիչ թանկ ժամանակ է մնացել մինչև այս սցենարի իրականացումը:
Ինչ վերաբերում է Մոսկվային: Տեղում մինչև 2000 ռուս խաղաղապահ կա, բայց դեռ ոչինչ չեն անում։ Միաժամանակ, ռուս պաշտոնյաներն ու մեկնաբանները ստեղծված իրավիճակի համար մեղադրում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա արևմտամետ դիրքորոշմանը։
Զարմանալի չէ, որ շատ հայեր կարծում են, որ Մոսկվան թույլ է տվել դա տեղի ունենալ՝ փորձելով սադրել Հայաստանում ռեժիմի փոփոխություն: Առաջիկա օրերին նույնպես ուշադիր հետևեք Երևանին: Դա շատ դինամիկ իրավիճակ է (վատ իմաստով)»,–նշել է նա։
«Ցավոք, թվում է, որ սա կարող է լինել թիվ երրորդ պատերազմը, մի բան, որից մարդիկ վախենում էին, բայց հույս ունեին խուսափել դիվանագիտության միջոցով վերջին մի քանի շաբաթների և ամիսների ընթացքում», – ասել է Թոմաս դե Վաալը AP-ին:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Արցախն ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ է տարհանվել: Զոհերի ու վիրավորների թիվը գնալով աճում է, այդ թվում՝ երեխաների շրջանում: Բաքուն հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ նորընտիր իշխանությունն էլ չլուծարվի: