AM
20 September 2023 - 08:27 AMT

Շահրամանյան․ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ։ Նա նշել է, որ միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ և որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում, ինչից ելնելով՝ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը:

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և Արցախի Հանրապետության կողմից այս համատեքստում իրականացվող քայլերը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Արցախն ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ է տարհանվել: Զոհերի ու վիրավորների թիվը գնալով աճում է, այդ թվում՝ երեխաների շրջանում: Բաքուն հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ նորընտիր իշխանությունն էլ չլուծարվի: