ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, հույս է հայտնել, որ այն հնարավոր կլինի տեղափոխել խաղաղ հուն։
Նա նաև հայտնել է, որ Մոսկվան սերտ կապի մեջ է իշխանությունների հետ և Երևանում, և Ստեփանակերտում, և Բաքվում, գրում է ՏԱՍՍ–ը։
«Մենք շատ սերտ կապի մեջ ենք հակամարտության բոլոր կողմերի՝ Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ։ Հույս ունեմ, որ մենք կարող ենք հասնել դեէսկալացիայի և այս խնդրի լուծումը տեղափոխել խաղաղ հուն»,- ասել է նա Չինաստանի արտաքին գործերի նախարարի հետ զրույցում՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Արցախն ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ է տարհանվել: Զոհերի ու վիրավորների թիվը գնալով աճում է, այդ թվում՝ երեխաների շրջանում: Բաքուն հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ նորընտիր իշխանությունն էլ չլուծարվի: