AM
21 September 2023 - 12:50 AMT

Արամ Ա–ն համազգային զորաշարժի կոչ է արել

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն Հայաստանի անխախության 32-րդ տարեդարձին առթիվ հղած իր պատգամում համազգային զորաշարժի կոչ է արել։

«Այո՛, համազգային զորաշարժ. այլ ընտրանք չկա»,–ասել է նա։

Խոսելով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված ծանր իրավիճակի մասին՝ Արամ Ա–ն նշել է, որ միջազգային համայնքը, ՄԱ–ը, Եվրամիությունը բավարարվեցին լոկ կոչեր հրապարակելով:

«Ավելին՝ Ադրբեջանը ցեղասպանություն է փորձում գործադրել Արցախի 120,000 անմեղ հայերի դեմ՝ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ…: Փաստորեն` անպաշտպան ենք ու միայնակ»,–ասել է նա։

Արամ Առաջինը 2 քայլ է մատնանշել։

«Առաջին, պետք է ոտքի կանգնի ամբողջ հայությունը՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, աշխարհի դիմաց արտահայտելով իր խոր ընդվզումը ու անխախտ միասնականությունը, ինչպես նաև իր ամբողջական զորակցությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

Երկրորդ, պետք է շուտով համազգային մասշտաբով հանդիպում կազմակերպել՝ հրամայական անհրաժեշտություն` մասնակցությամբ մեր ազգի հոգևոր, քաղաքական, պետական ու կուսակցական ղեկավարների, ճշտելու համար նոր ռազմավարություն ու մարտավարություն, իրատես ու խոհեմ մոտեցումով: Հրամայական է որ Հայաստանը հավասարակշռուած դիրքորոշումներ որդեգրի՝ հեռու մնալով միակողմանի մոտեցումներից»,–ասել է նա՝ կոչ անելով վստահել սեփական ուժին:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև։