ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը հայտարարել է, որ քանի դեռ Լեռնային Ղարաբաղից քաղաքացիների հոսքը կա և նրանց կարիքները բավարարելու խնդիր կա, գործընթացը կշարունակվի։ Նա տեղեկացրել է, որ տեղահանված արցախցիների համար կեցավայրեր նախատեսվում են ամբողջ հանրապետության տարածքում, ոչ միայն Սյունիքում։
Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե ինչ կլինի, եթե Արցախից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունենա ավելի քան 40 հազար ընտանիք, հայտնում է Sputnik Արմենիան։
Խոսելով գործընթացի կազմակերպման մասին` Սարգսյանը նշել է, որ Կոռնիձորի հումանիտար կայանն արցախցիների առաջին կանգառն է, քաղաքացիները ժամանում են անձնական մեքենաներով կամ տեղափոխվում են ավտոբուսներով։
«Այստեղ իրականացվում է քաղաքացիների դիմավորումը, գրանցվում են, տեղի է ունենում նրանց կարիքների առաջնային գնահատում, ապա կազմակերպվում են համապատասխան աշխատանքները»,– ասել է նա։
Գորիսի համակարգման կենտրոն են ուղարկվում այն քաղաքացիները, որոնք օթևանի խնդիր ունեն։ Համակարգման կենտրոնում կազմակերպվում է գործընթացը, ու քաղաքացիներն ապահովվում են կեցավայրով։
Նրա խոսքով բոլոր հնարավոր միջոցներով փորձում են բավարարել արցախցի հայրենակիցների կարիքները, այդ թվում 24–ժամյա ռեժիմով հոգեբանական աջակցության տրամադրում և այլն։ Գործընթացում ներգրավված են տարբեր մարմիններ։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ բնակիչների տարհանումն իրականացվում է ըստ առաջնահերթության։ Առաջին փուլում տարհանվում են նրանք, ում բնակավայրերը ռազմական վերջին գործողությունների հետևանքով անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Առաջնահերթ ցանկում են Մարտակերտի շրջանի գյուղերը։ Ստեփանակերտի բնակիչների տարհանման մասին դեռ որոշում չկա։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։