AM
25 September 2023 - 11:20 AMT

Պեսկով․ ԼՂ–ում ռուս խաղաղապահների մնալու հարցը դեռ լուծված չէ՝ շփումները Բաքվի հետ շարունակվում են

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հարցին, թե կմնան արդյոք ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում տեսանելի հեռանկարում, ասել է, որ խաղաղապահների մնալու հարցը դեռևս լուծված չէ։

«Դեռևս հազիվ թե որևէ մեկը կարողանա ինչ–որ բան ասել, քանի որ նրանք հիմա փաստացի Ադրբեջանի տարածքում են»,–ասել է Պեսկովը, գրում է Interfax-ը։

Նա ասել է, որ շփումները Բաքվի հետ շարունակվում են և «խաղաղապահներն աջակցություն են ցուցաբերում, նաև ներկա են այն բանակցություններին, որոնք արդեն սկսվել են Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների միջև»։

Պեսկովը նաև ասել է, թե ՌԴ–ն հասկանում է էմոցիոնալ ֆոնը Լեռնային Ղարաբաղի շուրջ, սակայն Մոսկվան կտրականապես դեմ է իրավիճակի համար պատասխանատվությունը ՌԴ–ի և ռուս խաղաղապահների վրա դնելու փորձերին, գրում է ՏԱՍՍ–ը։

«Նրանք իսկական հերոսություն են դրսևորում՝ կատարելով իրենց գործառույթները, իրենց մանդատին համաձայն։ Կշտամբել խաղաղապահներին, որ նրանք ինչ–որ բան այնպես չեն անում, ոչ ոք չի կարող։ Երբեք դրա հետ համաձայն չենք լինի»,–ասել է նա։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ խաղաղապահները ձախողել են իրենց առաքելությունը, իսկ ադրբեջանական ագրեսիայից հետո ասել էր, որ իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վրա:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։