AM
27 September 2023 - 09:06 AMT

Ալիևն ասել է` պատրաստ են ՄԱԿ-ի այց կազմակերպել ԼՂ, Հաջիևը՝ որ միջազգային դիտորդական առաքելության կարիք չեն տեսնում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 26–ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում ասել է, թե Բաքուն պատրաստ է կազմակերպել ՄԱԿ ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ, գրում է ՏԱՍՍ–ը։

Խոսքն Ադրբեջանում հավատարմագրված ՄԱԿ ներկայացուցչի համակարգողի մասին է։

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27–ին, նրա օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն Լեռնային Ղարաբաղի մասով միջազգային դիտորդական առաքելության կարիք չի տեսնում, քանի որ «իրողությունը տեղերում ակնհայտ է»։ Այդ մասին նա ասել է Deutsche Welle-ին հարցազրույցում։

Նա ասել է, թե «Ադրբեջանը բան չունի թաքցնելու», գրում է Interfax.az-ը։

Հաջիևը հավելել է, թե «Ադրբեջանը միշտ դեմ է եղել որևէ աշխարհաքաղաքական մրցակցության Հարավային Կովկասում» և կոչ է արել չդիտարկել տարածաշրջանն աշխարհաքաղաքական մրցակցության տեսակետից։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: