AM
27 September 2023 - 10:03 AMT

Հաջիև․ Բաքուն մտադիր չէ ուժ կիրառել ՀՀ–ով դեպի Նախիջևան ցամաքային միջանցք բացելու համար

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Բաքուն մտադիր չէ ուժ կիրառել ՀՀ–ով դեպի Նախիջևան ցամաքային միջանցք (այսպես կոչված «Զամգեզուրի միջանցք») բացելու համար:

Ըստ նրա, Ադրբեջանը միայն ցանկանում է տրանսպորտային հաղորդակցություն հաստատել Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով, ինչն «օգուտ կտա երկու երկրին և ամբողջ տարածաշրջանին», գրում է Interfax.az-ը։

«Ադրբեջանը ոչ մի ռազմական նպատակ կամ խնդիր Հայաստանի ինքնիշխան տարածքում չունի, դա Ադրբեջանի օրակարգից դուրս է»,–ասել է Հաջիևը Reuters–ին։

Նա հավելել է, որ Բաքուն առաջարկում է Երևանին բացառապես խաղաղ ճանապարհով լուծել տրանսպորտային և հաղորդակցության գծերի անցկացման հարցը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական հատվածի աշխատանքները կավարտվեն, հավանաբար, 2024–ի վերջում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Հայաստանը խոչընդոտի «Զանգեզուրի միջանցքը» բացելուն, այն կարող է անցնել Իրանով:

Հայաստանի իշխանությունները մշտապես բոլոր հարթակներում կրկնում են, որ միջանցքային տրամաբանությամբ հարց չեն քննարկում և չեն քննարկի, սակայն կողմ են ճանապարհների բացմանը։