AM
27 September 2023 - 11:36 AMT

Զախարովա․ ԱՄՆ–ն և ԵՄ–ն դրդում են Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ–ից

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ–ն և ԵՄ–ն դրդում են ՀՀ ղեկավարությանը դուրս գալ ՀԱՊԿ–ից։

«Ըստ ստացվող տեղեկությունների, Վաշինգտոնն ու Բրյուսելը համոզում են Հայաստանի ղեկավարությանը դուրս գալ ՀԱՊԿ–ից, խթանել գործակցությունը ՆԱՏՕ–ի հետ, վերակողմնորոշել ռազմատեխնիկական համագործակցությունը և խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ առանց հաշվի առնելու Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Զախարովայի խոսքերով, «Մոսկվայում տեսնում են, թե ինչպիսի ապակառուցողական եռանդով են ամերիկացիները մշակում Երևանին»։

«Հանրապետություն են այցելել ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը, որը հայտնի է իր ռուսատյացությամբ, և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը, որը վերջին լոսւմների ժամանակ ուղղակի խոստովանեց, որ զբաղվում է այն երկրկների վերակողմնորոշմամբ, որոնք դաշնակցային հարաբերություններ կամ փոխգործակցություն ունեն Ռուսաստանի հետ»,–ասել է նա։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը սեպտեմբերի 25-ին ժամանել էին Հայաստան՝ հաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բռնություններից բխող հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ։