AM
28 September 2023 - 08:10 AMT

Փրկարարները հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող 6 բնակչի

Արցախում փրկարարները հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող 6 բնակչի, հայտնում է ԱՀ ՆԳՆ-ն։

Փրկարարները Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքից հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող, Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 6 բնակչի։ Վերջիններիս հետ մեկ շաբաթ կապ հաստատել չէր հաջողվում։

Այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: