AM
28 September 2023 - 12:40 AMT

Արցախում պայթյունի տարածքում կրկին մասունքներ և անձնական իրեր են գտել

Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մասունքներ։

Նրանց ինքնությունը բացահայտելու նպատակով կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն։

Նույն տարածքից հայտնաբերվել են նաև անձնական իրեր։

«Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ ԱԻՊԾ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Սեպտեմբերի 25-ին Արցախի Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով առնվազն 20 զոհ կա, հարյուրավոր վիրավորներ։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։ Ուղղաթիռով բժիշկների թիմն անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով Հայաստանից մեկնել է Ստեփանակերտ` օգնելու պայթյունից տուժածներին: Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։