Արցախի նախկին պետնախարար և Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի սեպտեմբերի 28–ի հրամանագիրն ԱՀ լուծարման մասին որակել է ապօրինի և ոչ լեգիտիմ։ Նա գրել է այդ մասին Տելեգրամի իր ալիքում։
«Արցախի նախագահի հրամանագիրը հանրապետության լուծարման մասին ապօրինի է և ոչ լեգիտիմ․
1․Ոչ մի նախագահ իրավունք չունի լուծարել ժողովրդի կողմից հանրաքվեով ձևավորված հանրապետությունը։
2․ Սույն հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի դաժան ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի արդյունքում։
Այն անվավեր է և ոչ մի բանի մասին»,–ասվում է գրառման մեջ։
Բեգլարյանն իր նախորդ գրառման մեջ տեղեկացրել էր, որ ազատության մեջ է և անվտանգ վայրում, որը նա չի կարող բացահայտել անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ բազմաթիվ սպառնալիքներ է ստանում ատելության հողի վրա։
Սամվել Շահրամանյանի սեպտեմբերի 28–ի հրամանագրով՝ մինչև 2024 թ․ հունվարի 1-ը պետք է լուծարվեն պետական բոլոր պետական մարմինները և դրանց ենթակա կազմակերպությունները, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարեցնում է իր գոյությունը։