AM
29 September 2023 - 10:00 AMT

ԱՄՆ–ն աղետների արձագանքման թիմ կտեղակայի տարածաշրջանում՝ արձագանքելու ԼՂ ճգնաժամին

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերը հայտարարել է Հարավային Կովկասում Աղետների արձագանքման թիմ (DART) տեղակայելու մասին, որը պետք է համակարգի ԱՄՆ-ի մարդասիրական ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամի առնչությամբ:

Փաուերը մանրամասնել է, որ թիմը պետք է գնահատի իրավիճակը, որոշի կարիքների առաջնահերթությունները և աշխատանք տանի գործընկերների հետ՝ հրատապ օգնություն ցուցաբերելու համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Այս շաբաթ այցելեցի Հայաստան՝ անմիջականորեն հանդիպելու այն մարդկանց, ովքեր լքում էին Լեռնային Ղարաբաղում իրենց տները՝ սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի հարձակումներից հետո։ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի խոցելի բնակչության և Հայաստան տեղափոխված ավելի քան 50 հազար մարդկանց անվտանգությամբ։ Երախտապարտ ենք Հայաստանի կառավարությանը՝ նոր ժամանածներին ջերմ դիմավորելու և նրանց ապաստան տրամադրելու գործում օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև մարդասիրական կազմակերպություններին, որոնք աշխատում են սուր կարիքները լուծելու համար:

Հայտարարում եմ, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղակայել է Աղետների աջակցության արձագանքման թիմ (DART)՝ ԱՄՆ-ի մարդասիրական արձագանքը համակարգելու համար»,–ասվում է Փաուերի հայտարարության մեջ։

Նա նշել է, որ անընդունելի ռազմական գործողություններն էլ ավելի են վատթարացրել առանց այդ էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը։

«Ինն ամիս Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով կենսական նշանակություն ունեցող կյանքի ճանապարհը, որով Լեռնային Ղարաբաղի բնակիչներին մատակարարվում էր սնունդ, դեղորայք, վառելիք և առևտուր էր իրականացվում, ինչի հետևանքով առաջացավ այդ ամենի պակասը: Լաչինի միջանցքը պետք է ամբողջովին ու մշտապես բաց մնա, որպեսզի քաղաքացիական անձինք կարողանան ազատորեն հեռանալ և վերադառնալ, համայնքները կարողանան օգտվել սննդից, դեղորայքից և այլ անհրաժեշտ պարագաներից, իսկ մարդասիրական կազմակերպությունները տեղում արձանագրեն և բավարարեն կարիքները:

Ադրբեջանը պետք է պաշտպանի խաղաղ բնակիչներին, կատարի իր պարտավորությունները՝ հարգելու իր երկրի բոլոր մարդկանց իրավունքները և հիմնարար ազատությունները, երաշխավորի, որ իր ուժերը գործում են միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան:

Հաշվի առնելով կարիքների ծավալը՝ Միացյալ Նահանգներն այս շաբաթվա սկզբին հայտարարեց 11․5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն [տրամադրելու] մասին՝ աջակցելու Հարավային Կովկասի այն համայնքներին, որոնք տուժել են շարունակվող ճգնաժամից: Սա ի հավելումն ավելի քան 23 միլիոն դոլարի, որը Միացյալ Նահանգները տրամադրել է հումանիտար օգնության տեսքով 2020 թվականից ի վեր՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի։ Այս միջոցները կօգտագործվեն տարատեսակ օգնություն տրամադրելու համար՝ սննդից մինչև հոգեբանական ու սոցիալական աջակցություն, որպեսզի օգնեն հաղթահարել բռնության և զանգվածային տեղահանումների հետևանքով առաջացած տրավմաները»,–ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: