AM
29 September 2023 - 14:15 AMT

Ալիև․ Հիմա ավելի հեշտ կլինի լուծում գտնել և արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն ու Երևանը կարող են արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը այն բանից հետո, ինչ կատարվեց սեպտեմբերի 20–ին։

«Ժամանակն է, որ Ադրբեջանի և Հայաստանի թիմերը նստեն և աշխատեն խաղաղության պայմանագրի նախագծի վրա։ Կարծում եմ` սեպտեմբերի 20–ից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունը, ավելի հեշտ կլինի լուծում գտնել և որքան հնարավոր է արագ ստորագրել խաղաղության պայմանագիրը»,–ասել է նա, հայտնում է Haqqin.az-ը։

Ըստ նրա, դրանից հետո կամ զուգահեռ պետք է ակտիվորեն աշխատել սահմանազատման վրա և վերջ դնել տևական հակամարտությանը։

«Հայաստանը պետք է ընտրություն կատարի»,–ասել է նա՝ հավելելով, թե Ադրբեջանը խաղաղություն է ուզում։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: