Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ոչ պաշտոնական տվյալներ է հայտնել ԱՀ-ից՝ նշելով, որ մի քանի հարյուր մարդ է մնացել՝ պաշտոնյաներ, կամավորներ, հատուկ կարիքով անձինք։ Այդ մասին նա գրել է Տելեգրամի ալիքում։
«Իմ ոչ պաշտոնական տեղեկություններով՝ արցախցիների վերջին խմբերն այս պահին ուղևորվում են Հայաստան։ Արցախում առավելագույնը մի քանի հարյուր մարդ է մնացել, որոնց մեծ մասը պաշտոնյաներ են, արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, կամավորներ, հատուկ կարիքներ ունեցող որոշ մարդիկ: Նրանք նույնպես պատրաստվում են մեկնել»,- ասվում է գրառման մեջ։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։