Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավարտել է Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանի «գործի» հետաքննությունը և նյութերն ուղարկել Բաքվի զինդատարան։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։
Նրան մեղադրում են «հանցավոր խմբի կազմում Խոջալուի բնակչության դեմ ցեղասպանություն գործելու, արատքսելու, զինված հակամարտության կազմում միջազգային հումանիտար նորմերի խախտման մեջ», հայտնում է Haqqin.az-ը;
Ավելի վաղ Խաչատրյանը կալանավորվել էր 3 ամսով։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, Խաչատրյանին այցելել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը։
Հուլիսի 29-ին որպես բուժառու ՀՀ մեկնող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր Հակարիի կամրջի մոտի անցակետում Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից։ Ըստ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի` Խաչատրյանին և ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի օտարազգի ներկայացուցչին նստեցրել են «Նիվա» մակնիշի մեքենա, որը ուղևորվել է դեպի Հակարիի կամրջի ներքևի հատված, մոտ 10 րոպե անց «Շևրոլե» մակնիշի մեքենայով ԿԽՄԿ ներկայացուցիչը վերադարձել է «անցակետ», իսկ Վագիֆ Խաչատրյանը տարվել է անհայտ ուղղությամբ։ Ըստ վկայության՝ ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առևանգված Բաքվի հիվանդանոցներից մեկում է։ Նրա գտնվելու վայրի մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։
Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: