AM
2 October 2023 - 08:52 AMT

Սենատոր Փիթերսն անվտանգության ոլորտում ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին արգելող օրինագիծ է ներկայացրել

ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը օրինագիծ է ներկայացրել, որով ԱՄՆ-ին արգելվում է անվտանգության ոլորտում աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ չի հստակեցվել, որ այն հարձակողական գործողություններ չի ձեռնարկի հայերի դեմ։

Փիթերսն օրինագիծը ներկայացրել է ի պատասխան Լեռնային Ղարաբաղում հայերի վրա Բաքվի շարունակվող հարձակումների, հայտնում է «Ազատությունը»։

Սեպտեմբերի վերջին ԱՄՆ սենատորը Հայաստանում էր, նա այցելել է հայ-ադրբեջանական սահման, եղել Լաչինի միջանցքում։

«Ադրբեջանի կառավարությունը հասկացրել է, որ կարող է և կօգտագործի իր ռազմական ռեսուրսները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ բռնի հարձակումներ իրականացնելու համար։ Միացյալ Նահանգները չի կարող մեղսակից լինել հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական բռնություններին։ Մենք պետք է ընդունենք այս օրենսդրությունը՝ արգելափակելու ամերիկյան լրացուցիչ օգնությունը Ադրբեջանին, քանի դեռ վերջինս չի դադարեցնի իր ագրեսիան տարածաշրջանում»,- ասել է սենատորը։

Փիթերսը նաև միացել է օրենսդիրների խմբին, որ կոչ է անում ԱՄՆ ֆինանսների նախարարությանը և ԱՄՆ Պետդեպարտամենտին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության որոշ պաշտոնյաների նկատմամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումների և դաժան շրջափակման հետ: