AM
2 October 2023 - 12:27 AMT

Ադրբեջանցիները սկսել են թալանել արցախցիների տները

Ադրբեջանցի զինվորները սկսել են թալանել, խուզարկել ու քանդել արցախցիների տներն ու մեքենաները։ Այդ մասին X–ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել Մերձավոր արևելքի կոնֆլիկտները լուսաբանող ռազմական լրագրող Լինդսի Սնելը։

«Օտարերկրացի լրագրողները, որոնք հարցազրույց են վերցնում ադրբեջանցի պաշտոնյաներից, հնարավոր է, պետք է որոշ լրացումներ անեն «այո, իհարկե, հայերը կարող են վերադառնալ իրենց տները» խոսքերին»,–ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: